Հայաստանը պետք է աշխատի, ոչ թե նեղանա չեխ պատգամավորներից: Այդ մասին այսօր՝ փետրվարի 22-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով Խոջալուի դեպքերի մասին Չեխիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միակողմանի բանաձեւին՝ Լարիսա Ալավերդյանը նշել է, որ ադրբեջանական հակաքարոզչության դեմ արդյունավետ պայքարի համար հարկավոր է որոշակի քայլեր ձեռնարկել, աշխատել որոշակի կառույցների՝ Եվրամիության, ԵԱՀԿ-ի հետ, այլ ոչ թե հենվել միայն չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինայի վրա:
«Չեխիայում այսօրվա դրությամբ մենք նաեւ զգալի հաջողություններ ունենք, օրինակ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ ԱԳՆ-ն, որոշ չեխ պատգամավորներ, որոնք ընդունում են, որ բանաձեւն անտեղի է, ընդունված է առանց իրական ասպեկտներին ծանոթանալու», - նշել է Ալավերդյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























