Գերմանիայի հատուկ ծառայությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիա կատարելիք այցից առաջ հայտնել են, թե ինչու Թուրքիային չեն հանձնում այդ երկրում ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ զինյալներին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, գերմանական Deutcshe Welle պարբերականի հրապարակման մեջ գերմանական գաղտնի ծառայությունների ներկայացուցիչները նշել են, թե Թուրքիայի եւ Գերմանիայի համար վտանգի աղբյուրները նույնն են, սակայն քուրդ զինյալներին Թուրքիային վերադարձնելու համար դեռեւս լուծում պահանջող հարցեր կան։
«Գերմանիայի եւ Թուրքիայի դատաիրավական համակարգը իրավական բազայի հարցում տարբեր մոտեցումներ ունեն, այդ պատճառով Գերմանիան հազվադեպ է Թուրքիայի պահանջած անձանց հանձնում։ Խնդիրը մեծամասամբ գալիս է նրանից, որ Թուրքիայի կողմից պահանջված անձանց մեղքի վերաբերյալ Գերմանիայի ձեռքում բավարար ապացույցներ չկան, իսկ թուրքական կողմի բերված ապացույցները ամբողջական չեն»,-նշվել է հրապարակման մեջ։
Նշվում է, որ գերմանական անվտանգության ուժերը կարծում են, որ խնդիրը Թուրքիայի ներսում է՝ Թուրքիայի հարավ-արեւելքում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։ «Ինչքան էլ PKK-ի ներսում լինեն պատերազմի կողմնակիցներ, սակայն մեծամսնությունը կողմ են բանակցություններով խնդրի կարգավորմանը»,-հավատացած են գերմանական անվտանգության մարմինները։




























