Հայաստանի նախագահական ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Այս մասին հայտարարել է Միացյալ թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնն` անդրադառնալով Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին:
Դեյվիդ Լիդինգթոնը, մասնավորապես, նշել է. « Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր եւ ազատ, ընտրողների մասնակցությունը բավարար: Ես ակնկալում եմ, որ պաշտոնական արդյունքները կարտացոլեն հայ ընտրողների կամքը:
Ես ողջունում եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական հաշվետվությունը, որը եզրահանգեց, որ այս ընտրություններն առանձնացան հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով, բայց միաժամանակ մատնանշեց թերացումներ ընտրությունների ադմինիստրացիայի մեջ, ինչպես նաեւ քաղաքական միջամտության դեպքեր: Ես սպասում եմ առաքելության վերջնական հաշվետվությանը եւ քաջալերում Հայաստանի իշխանություններին կառուցողական արձագանքել հնարավոր առաջարկություններին:
Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ խթանելու տնտեսական բարեփոխումները, որոնք կաջակցեն Հայաստանին Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու գործում»:




























