Ուկրաինան չի վճարի «Գազպրոմի»` 2012 թվականի գազի պակասորդի 7 միլիարդ դոլարի տուգանքը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Մենք մերժել ենք այդ պատժիչ տուգանքների վճարումը: Այժմ մենք բանակցություններ ենք վարում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը  փետրվարի 22-ին «Երկխոսություն երկրի հետ» ուղիղ հեռուստաեթերում:

Նա նշել է, որ Ուկրաինայի եւ ՌԴ-ի  միջեւ գազի մատակարարման վերաբերյալ գոյություն ունեցող պայմանագիրն անարդարացի է ինչպես գնի, այնպես էլ գազի պակասուրդի դեպքում 300%-ի չափով տուգանքի եւ Ուկրաինայի տարածքով բեռնափոխադրման տեսանկյուններից:

Վիկտոր Յանուկովիչի խոսքով` Ուկրաինան ավելի շուտ գազափոխադրման համակարգը կպահի որպես պետսեփականություն, բայց այն կտրամադրի վարձով: «Ամենայն հավանականությամբ, մենք ոչ մեկին խողովակ չենք վաճառի եւ այն կմնա պետությանը»,- ասել է նախագահը:

Ուկրաինային այդպիսի ծավալներով գազ կարող է մատակարարել միայն Ռուսաստանը, եւ դրա համար Կիեւը շահագրգռված է գազային բնագավառում կարգավորված հարաբերությունների վերականգնումով, նշել է նախագահը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Նա նաեւ իր վստահությունն է հայտնել այն մասին, որ երկիրը զգալիորեն կընդլայնի սեփական գազի արտադրության ծավալները: «Ուկրաինան սեփական գազի արտադրության ավանդական եւ ոչ ավանդական մեթոդների մի շարք պայմանագրեր է կնքել: Մենք գործընկեր ունենք, որը պատրաստ է  սկսել թերթաքարե գազի արդյունահանումը, որի պաշարները շատ են Ուկրաինայում»,- ասել է նա:

«Ուկրաինան գերմանական  RWE-ի հետ հինգ միլիարդ կուբամետր գազի անցկացման պայմանագիր է կնքել»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: