«ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մեծ ջատագով է եւ մենք լիահույս ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»,- փետրվարի 12-ին «Հայ-թուրքական հարաբերություններ եւ միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Նրա խոսքով, սահմանի բացման հետեւանքների վերաբերյալ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ թեեւ դա կարող է բերել որոշակի կարճաժամկետ դժվարությունների, սակայն խոշոր հաշվով բաց սահմանները դրականորեն կազդեն երկու երկրների տնտեսությունների զարգացման համար: «Շատերն ասացին, որ սահմանի բացման դեպքում շատ ընկերություններ կփակվեն եւ այդ բոլոր խնդիրները պետք է հաշվի առնել, չթերագնահատել մարտահրավերները եւ ամեն ինչ անել կարճաժամկետ վնասները հաղթահարելու համար։ Սակայն ակնհայտ է, որ, խոշոր հաշվով, սահմանի բացման դրական հետեւանքներն ավելի շատ են»,- նշեց դեսպանն ու հավելեց. «Սահմանների բացումը կբացի դռները Հայաստանի առաջ եւ կնպաստի Հայաստանի բարօրությանը: Ոչ մի երկիր չպետք է կախված լինի միայն մեկ միջանցքից, կվերանա մեկուսացումը, տնտեսական ու տրանսպորտային ծախսերը կնվազեն, կաճի մրցակցությունը, հայաստանյան ապրանքների որակը կբարձրանա եւ Հայաստանի առաջ կբացվի 70 միլիոնանոց շուկա»:

Մ. Յովանովիչը նկատեց, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, որը շատ դրական ազդակ է։ Եւ որքան մեծ լինի տնտեսական համագործակցությունը, այնքան կաճի փոխվստահությունը երկու երկրների միջեւ: «Սահմանի բացումը կարեւոր է նաեւ Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման տեսանկյունից»,- ընդգծեց նա: