ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է դիտարկել երեք հարթություններում. Ինչ անելիքներ ունեն իշխանությունները եւ ինչ պատասխանատվություն են կրում գործընթացի համար։ Երկրորդ. Ինչպես են ընկալում հասարակությունները հայ-թուրքական հարաբերությունների ապագան։ Եւ երրորդ. Ինչպես է գործընթացին արձագանքում միջազգային հանրությունը: Այս մասին նա նշեց «Հայ-թուրքական հարաբերություններ եւ միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով սեմինարի ժամանակ:
Վարչապետի ներկայացմամբ, Հայաստանի իշխանությունները գնալով հայ-թուրքական գործընթաց սկսելու, խորը գիտակցում են պատասխանատվությունը եւ համարում են, որ դա նոր էջ է բացելու երկու երկրների հարաբերությունների համար: Նա մեջբերեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից, որտեղ նշվում է, որ այդ հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրի հետ հարաբերություններով: «Պահը եկել է, որ երկու երկրների ղեկավարությունները դրսեւորեն քաղաքական կամք եւ վավերացնեն արձանագրությունները»,- ասաց նա:
Այնուհետեւ անդրադառնալով այս գործընթացի հետ կապված առաջ եկած հակադրությանը, այդ թվում նաեւ Սփյուռքում, Տ. Սարգսյանն ասաց, որ դա բնական էր, քանի որ մենք պատմությունից ստացել են այնպիսի ցավ, որը հաղթահարելը շատ դժվար է լինելու: «Մարդիկ համարում են, որ սա ոչ թե հարաբերությունների բարելավում է, այլ խաբկանք, որ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, որ կորցնենք մեր զգոնությունը եւ պատրաստ չլինենք մարտահրավերներին: Հենց սրանով է պայմանավորված, որ մենք չենք կարող անվերջ սպասել, որ պետք է լինի խելամիտ ժամկետ մեր թուրք գործընկերներից պատասխան ստանալու հարցում»,- հավելեց նա:
ՀՀ վարչապետն ընդգծեց նաեւ, որ Հայաստանի ու Թուրքիայի համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել հարաբերություններ հաստատելու համար, քանի որ հազվադեպ է լինում, որ աշխարհի բոլոր գերտերությունները ունենան միեւնույն դիրքորոշումը որեւէ հարցի կապակցությամբ, իսկ հիմա դա առկա է: «Ճիշտ չի լինի չօգտվել այդ հնարավորությունից»,- իր խոսքն ամփոփեց Տ. Սարգսյանը:




























