Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին Աշտարակում դիմավորել են «նախագահ» եւ «Հայաստան» վանկարկումներով (ֆոտոռեպորտաժ)։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները չճանաչող Հովհաննիսյանը, չբավարարվելով Երեւանի հանրահավաքներով, որոշել է այցելել մարզեր եւ տեղերում շփվել ընտրողների հետ։
Նախքան Ներսես Մեծի հրապարակում հավաքվածներին մոտենալը նա մտել է Աշտարակի քաղաքապետարան, որի առաջին հարկում ՀՀԿ մարզային գրասենյակն է տեղակայված։ Հովհաննիսյանը բարձրացել է քաղաքապետ Արմեն Անտոնյանի մոտ, որին հարցրել է, թե ինչու է ՀՀԿ գրասենյակը գտնվում քաղաքապետարանի վարչական շենքում։
Քաղաքապետը պատասխանել է, որ գրասենյակը վաղուց է այդտեղ գտնվում, այնուհետեւ հրաժարվել է մամուլի հետ շփումից։
Հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է հավաքվածներին ընդհանուր հաղթանակի առթիվ, նշելով, որ այդ հաղթանակը պատկանում է ոչ միայն իրեն, այլեւ` ողջ ժողովրդին: «Դուք հզոր եք եւ եթե որոշները կասկածում են դրանում, ապա դուք ապացուցեցիք, որ պատրաստ եք պայքարել հաղթանակի համար»,-հայտարարել է Հովհաննիսյանը: Նրա ելույթը ընդհատվում էր բուռն ծափահարություններով եւ «նախագահ» վանկարկումով:
Միաժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իր բոլոր քայլերը, անկախ կառավարման լծակները ժողովրդին փոխանցելու իշխանության որոշումներից, օրինական են լինելու: «Չի լինելու ոչ մի անօրինական քայլ, որը կարող է բերել արյունահեղության»,-վստահեցրել է Հովհաննիսյանը: Նա հավաքվածներին տեղեկացրել է, որ այս պահին իրեն լուսանկարում ու տեսաձայնագրում են ոչ միայն լրագրողները, այլեւ հատուկ ծառայությունները: «Դա իրենց գործն է, ես հարգում եմ նրանց, բայց եթե որեւէ բարձրաստիճան դեմք զինվորներին հրամայի ուժ կիրառել ժողովրդի դեմ, ապա պատասխան կտա օրենքի առջեւ»,-խոստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականին, նա ընդգծել է, որ հերթի մեջ են նաեւ Արմավիրի եւ Սյունիքի մարզպետները: «Ժառանգության» առաջնորդի խոսքով` նրանք պետք է հեռացվեն իրենց պաշտոններից ոչ թե այն պատճառով, որ իշխող կուսակցությունը քիչ ձայն է հավաքել, այն այն պատճառով, որ բռնություն եւ ճնշումներ են կիրառել ընտրողների նկատմամբ:
Իր խոսքի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանն անցել է Աշտարակի փողոցներով, բարեւել անցորդներին, ապա ուղեւորվել Վանաձոր:
Նշենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորից բացի, կլինի նաեւ Գյումրիում, իսկ վաղը, ժամը 15-ին Ազատության հրապարակում հանրահավաք կկայանա:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























