Ֆրանսիայի Սոցալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Նազարբեկ» երիտասարդական միությունն այսօր` փետրվարի 23-ին, նախաձեռնել է տեղեկատվական ակցիա Փարիզի` զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Մոնմարտր թաղամասում` հանրահայտ Sacré Coeur եկեղեցու շրջակայքում։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին միության գրասենյակից, ֆրանսահայ երիտասարդները անցորդներին ու զբոսաշրջիկներին բաժանում են Ադրբեջանի ստահոդ քարոզչությունը մերկացնող տեղեկատվական նյութեր` նեկայացնելով Բաքվի իշխանությունների բռնատիրական, հայատյաց ու հանցավոր բնույթը եւ պատմելով եղելությունը ինչպես Սումգայիթի ջարդերի, այնպես էլ իրենց տարփողած «Խոջալուի դեպքերի» մասին։ Իսկ եկեղեցուն հարող հրապահակում ադրբեջանցիները կազմակերպել են փուչիկների բացթողնման արարողություն` նվիրված Խոջալուին։ Այսպիսով` ադրբեջանական քարոզական միջոցառման ականատեսներն արդեն իսկ նախապես տեղեկացված են, որ Խոջալուն ալիեւյան կլանի ձեռքի գործն է։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ադրբեջանը նմանօրինակ քարոզչական միջոցառում` համերգ էր կազմակերպել Փարիզի Սեն-Ռոկ եկեղեցում։ Համերգից առաջ, Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ, «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները եկեղեցի մտնողներին տրամադրել էին համապատասխան տեղեկատվական նյութեր։ Արդյունքում` Ադրբեջանի կազմակերպած միջոցառման ներկաները Խոջալուին նվիրված համերգն ունկնդրել էին` ձեռներին ունենալով ճշմարտությունն արտացոլող գրքույկներ։