Հայաստանի նախագահի աշխատակազմը քիչ առաջ Ազգային ժողով է ուղարկել հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրված երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները՝ վավերացման գործընթաց սկսելու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Վերջինս նշել է նաեւ, որ Հայաստանի Ազգային ժողովում արձանագրությունների քննարկման ժամանակ ՀՀ նախագահի ներկայացուցիչը լինելու է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ ըստ ընթացակարգի՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունները պետք է դնի շրջանառության մեջ եւ գլխադասային հանձնաժողով նշանակի, որն էլ քննարկելու է փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում փետրվարի 10-ին ելույթ ունենալով «Chatham House»-ում՝ հայտարարել էր, թե արձանագրություններն ուղարկելու է Ազգային Ժողով՝ վավերացման գործընթացը սկսելու համար: