Այսօր` փետրվարի 25-ին, Հայաստանի ԱԳՆ-ում մեկնարկել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԱԳԾ) 2012թ-ի գնահատման նպատակով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմի եւ Հայաստանի ԱԳՆ, ՊՆ եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող քննարկումները:

Նիստը նախագահել է Հայաստանի ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Փետրվարի 25-ի քննարկումների օրակարգն առնչվում է Եվրատլանտյան կառույցերի հետ երկխոսության, հարեւան պետությունների հետ հարաբերությունների, ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, սահմանային անվտանգության, պաշտպանության եւ անվտանգության համակարգի ժողովրդավարական վերահսկողության հարցերին: Առաջիկա օրերին անդրադարձ կկատարվի Զինված ուժերում մարդու իրավունքների, տնտեսական զարգացման, քաղաքականության առաջնահերթությունների, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության հարցերին:

Քննարկումները շարունակվելու են մինչեւ փետրվարի 28-ը: