Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չէ առաջադրվել 2018թ. նախագահի ընտրություններում: Այդ մասին, այսօր` փետրվարի 25-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ԿԸՀ պաշտոնական տվյալներով` նախագահական ընտրություններին ստացել է ձայների 36,75 տոկոսը:

Հարցին` մտադիր չէ՞ արդյոք ընդունել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկը` ստվերային կառավարություն ստեղծելու մասին, Հովհաննիսյանը նշել է, թե չի ընդունել այդ առաջարկը. «Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանին: Մի քանի տարի առաջ մենք քննադատել ենք իրար, բայց այժմ բոլորը գիտակցում են, թե ինչ ենք անում երկրի համար»:

Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարում էր, որ ողջ երկրում համատարած ընտրակաշառք են բաժանում, ապա հայտարարեցին թե փաստ չկա, եւ ինչու չդիմեցիք վերահաշվարկի համար, Հովհաննիսյանն ասել է. «Շատ գումար են բաժանել, դա գաղտնիք չէ, եկեք իրար հիմարի տեղ չդնենք: Դա եղել է, սակայն ժողովուրդն ասել է` ոչ: Եթե մենք մինչեւ մարտի 2-ը դիմենք Սահմանադրական դատարան, դա ճշմարտության պահ կլինի ՍԴ-ի համար»:

Դիտարկմանը, թե չնայած իր հայտարարության, որ երիտասարդությանը կոչ չի արել բոյկոտել դասերը եւ երիտասարդներն ինքնուրույն են այդ քայլին գնացել, մինչդեռ իր թիմի անդամները կոչ են անում բոյկոտել դասերը, Հովհաննիսյանն արձագանքել է. «Ես թիմ չունեմ: Եթե Դավիթ Սանասարյանն ինչ-որ բան է գրել Facebook-ի իր էջում, դա իր իրավունքնեն է»:

«Կարելի է հավատել իր անունից տարածվող տեղեկատվությանը, թե ոչ» հարցին էլ Հովհաննիսյանը նկատել է. «Իմ անունից խոսում եմ միայն ես»: