Թուրքիայում քրդական հարցի կարգավորման շրջանակներում PKK-ի ցմահ դատապարտված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նամակը Հյուսիսային իրաքի PKK-ի ճամբարների ղեկավարությանը հասցնելու համար Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խմբակցության պատգամավորները ստիպված են եղել ռմբակոծության տակ հանդիպում իրականացնել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  6 քուրդ պատգամավորներից բաղկացած պատվիրակությունն արդեն հասել էր Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիե քաղաք, երբ թուրքական օդուժն սկսել է վերջին շրջանի ամենաուժեղ ռմբակոծությունն իրականացնել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարների դեմ։

Այս իրավիճակից անակնկալի եկած PKK-ի առաջնորդները հրաժարվել են հանդիպել քուրդ պատգամավորների հետ, քանի որ Թուրքիան մի ոկղմից պնդում է քրդական հարցի կարգավորման մասին, մյուս կողմից բանակցությունների համար ուղարկված պատվիրակության հետեւից ռմբակոծում է իրենց։  Տեղի քրդական իշխանություններին հաջողվել է համոզել PKK-ի ղեկավար կազմին եւ քուրդ պատգամավորները խիստ անվտանգության միջոցառումների ներքո մեկնել են Քանդիլի շրջան։

Քուրդ պատգամավորները ռմբակոծվելու վտանգի տակ հանդիպում են անցակցրել PKK-ի առաջնորդներ Մուրադ Քարայըլանի, Սաբրի Օքի, Դուրան Քալքանի եւ այլոց հետ, որի ժամանակ քննարկել են PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նամակը՝ կապված զինադադարի, PKK-ի  ուժերը հետ քաշելու եւ Թուրքիայից Իրաք տեղափոխվելու մասին։ 

Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ղեկավարությունը Օջալանին փոխանցելու համար քուրդ պատգամավորներին է հանձնել պատասխան նամակ, որից հետո քուրդ պատգամավորները վերադարձել են Սուլեյմանիյե։