Դեռ վաղ է խոսել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ձախողման մասին: Այս տեսակետը կիսում են ինչպես հայաստանյան ընդդիմադիր ու իշխանական ուժերը, այնպես էլ փորձագետները:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը շարունակվում է եւ դեռ չի կարելի խոսել դրա ձախողման մասին: «Ես չեմ բացառում, որ գործընթացը որոշակիորեն կձգձգվի, բայց դա չի նշանակում, որ այն կձախողվի, քանի որ այդ գործընթացով հետաքրքրված են փաստացիորեն բոլոր ազդեցիկ երկրները եւ նրանք թույլ չեն տա գործընթացի ձախողում»,- վստահեցրել է նա: Միաժամանակ, Ա. Սաֆարյանը չի բացառել, որ Անկարան կարող է ակտիվացնել իր գործունեությունը ապրիլի 24-ի նախօրեին, որպեսզի այդ կերպ խոչընդոտի նոր երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը:

Իր հերթին, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը վստահություն հայտնեց, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն մինչեւ տարվա վերջ: Նա ընդգծեց, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում կողմերի վրա, բայց քանի որ Թուրքիան ավելի ուժեղ երկիր է, նա ավելի քիչ է ենթարկվում այդ ճնշումներին: «Ուստի միջազգային հանրության ողջ հույսը Հայաստանի վրա է: Նրանք առաջարկում են, որ եթե Հայաստանը իրականացնի այդ ուղղությամբ իրենից կախված բոլոր քայլերը, ապա Թուրքիան ուղղակի ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռք առնել»,- հայտարարեց Սաֆարյանը:

Իսկ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել է, որ դեռ նախադրյալներ չկան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության ձախողման համար: «Ուղղակի Թուրքիան այս փուլում ժամանակ է ձգում, որպեսզի իմաստավորի իր հետագա քայլերը»,- ասաց նա:

Միաժամանակ թուրքագետը չի բացառել, որ Թուրքիայի կողմից այս մոտեցումը շարունակելու պարագայում Հայաստանը կարող է պատասխան քայլեր անել, քանի որ Երեւանն իր կողմից արել է իրենից կախված բոլոր քայլերը հարաբերությունների նորմալացման համար, եւ հիմա հերթը Անկարայինն է: Սաֆրաստյանը նաեւ չի բացառել, որ Ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին Թուրքիան կսկսի շահարկել հայ-թուրքական արձանագրությունները, որպեսզի խափանի նոր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման ալիքը: