Աբովյանի ծննդատանը փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան համար 2 տարվա ազատազրկման դատապարտված  «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ- բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Նա դիմել էր Քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան` դատավճիռը փոփոխելու կամ բեկանելու պահանջով, մասնավորապես` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ կիրառել ՀՀ քր.օր. 64 հոդ. եւ բավարարվել նրա փաստացի կրած պատժով: Մարտի 1-ին կայացած նիստին մասնակի բեկանվել է դատական ակտը եւ բեկանված մասով փոփոխվել: Այսպիսով, Վլադիմիր Մյագկովի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն եւ սահմանվել է 1 տարի փորձաշրջան:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Մաթեւոսյանը:

Փաստաբանը նշեց, որ տուժողի իրավահաջորդը` մահացողի մայրը, դատական նիստում հայտարարեց, որ իրենք հետաքրքրվել են եւ իմացել են, որ Մյագկովը լավ մարդ է, լավ մասնագետ,  եւ Ֆլորա Աբգարյանի եւ նրա նորածնի մահը նրանք կապում են ոչ միայն Մյագկովի հետ: Նրանք խնդրեցին դատարանին, որպեսզի նրա նկատմամբ մեղմ պատիժ սահմանվի, ներկայացրել է դիմում` խնդրելով այլ պատիժ սահմանել, որը կապ չունի ազատազրկման հետ: Դատարանը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում` այն, որ բժիշկը արդեն 8 ամիս ազատազրկված է եղել,  որոշել է նշանակված պատիժը ժամանակավոր չկիրառել եւ սահմանել է մեկ տարի փորձաշրջան: Փատաբանը տեղեկացրեց, որ ինչպես եւ սահմանված է օրենքով, նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց եւ շարունակվելու է զբաղվել մասնագիտական գործունեությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆլորա Աբգարյանը գտնվում էր նախածննդյան հսկողության ներքո, պետք է վիրահատվեր փետրվարի 27-ին, սակայն փետրվարի 25-ի առավոտյան կնոջ մոտ ցավեր են սկսվել եւ ժամը 11.40-ի սահմաններում դիմել է ծննդատուն: Քրեական գործը հարուցվել է 2012թ փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքի կողմից: Նախաքննության մարմնի կողմից Վլադիմիր Մյագկովը ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել եւ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է հետեւյալը. «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ-ի բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում հղի Ֆլորա Աբգարյանին «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցուբերած բուժօգնության ժամանակ, նրա կողմից սխալ է գնահատվել դժվար ինտուբացիայի պոտենցիալ հնարավորությունը: Դա ունեցել է դժբախտ հետեւանք, շնչափողի ինտուբացիայի չհաջողված երեք անգամյա փորձերը հանգեցրել են ծանրագույն հիպոքսիկ բարդությունների եւ սուր պրոգրեսիվող սիրտ- անոթային ու շնչական անբավարարության զարգացմանը: Մինչդեռ բժիշկը պետք է ինտուբացիայի երկրորդ չհաջողված փորձից հետո դադարեցներ հետագա փորձերը, «շնչացներ» հիվանդին մինչեւ ինքնուրյուն շնչառության վերականգումը եւ սպասեր այլ մասնագետի օգնությանը: Բայց ինտուբացիոն փորձերի հետեւանքով Ֆ.Աբգարյանին պատճառված լեզվարմատի եւ վերին շնչական ուղիների տրավմատիկ վնասվածքները խորացրել են արդեն զարգացած շնչական եւ սիրտ-անոթային խանգարումները, սուր շնչական անբավարարությունը` հղիի մոտ առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն, ինչը պատճառ է հանդիսացել հղիի եւ պտղի մահվանը: 2012թ դեկտեմբերի 27-ին կայացրել է վճիռ, ըստ որի` գործով ամբաստանյալ, «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ- բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով եւ նշանակվել է պատիժ` ազատազրկման 2 տարի ժամկետով, առանց բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկման: Քաղհայցի հարցը քննելիս դատարանը որոշել է, որ այդ հարցը պետք է համարել լուծված, քանի որ տուժողի իրավահաջորդի կողմից քաղհայցի պահանջ չի ներկայացվել: