Ստամբուլի Թաքսիմի հրապարակում 2012-ի փետրվարի 26-ին Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ տեղի ունեցած հակահայկական բողոքի ակցիայի ժամանակ հայերին վիրավորող կարգախոսներ պարզած անձանցից 10-ի նկատմամբ ընթացող դատավարությունն ավարտվել է։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից վիրավորական կարգախոսներ պարզած անձանց դեմ պատրաստված մեղադրական զեկույցում նշվում է, որ Խոջալուի իրադարձությունների 20-րդ տարելիցի կապակցությամբ իրականացված միջոցառմանը հիշյալ կասկածյալները հանցանք են գործել` ժողովրդի մեջ թշնամանք եւ ատելություն սերմանել, հենվելով ժովովրդի մի մասի էթնիկ տարբերության վրա` միտումնավոր նրանց վիրավորել. «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք եք», «Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման» կարգախոսներով:
Դատարանը մեղավոր է ճանաչել 10 մեղադրյալներից 6-ին՝ նրանց դատապարտելով 6-ական ամիս ազատազրկման, որը իջեցվել է 5 ամսվա, իսկ վերջնական որոշման արդյունքում ազատազրկումը փոխարինվել է 3 հազար լիրա (1700 դոլար) տուգանքով։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ դատարանը արդարացման վճիռ է կայացրել։




























