Չի բացառվում, որ Միավորված աշխատանքային կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական ցուցակով հանդես գա Երեւանի ավագանու ընտրություններին, ինչպես խորհրդարանական ընտրություններին էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԱԿ ղեկավար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նա նշեց, որ դեռ պարզ չէ ՄԱԿ մասնակցության ձեւաչափը, քննարկում չի եղել: Գուրգեն Արսենյանի խոսքով` իրենք դեռ առաջին հերթին մարտի 5-ին` երեքշաբթի օրը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի եւ խմբակցության  համատեղ նիստ է լինելու: «Եթե օրակարգում նմանատիպ հարց լինի, մենք չենք բացառում միասնական ցուցակով հանդես գալը, ինչպես խորհրդարանական ընտրություններին»,- նշեց նա:

ՄԱԿ կուսակցության ղեկավարը նշեց, որ ԲՀԿ մասնակցության, չմասնակցության հարցը կքննարկվի երեքշաբթի օրը եւ դեռ այն չքննարկած, ճիշտ չէ խոսել ցուցակի մասին եւ անուններ նշել, քանի որ առաջին հարցը մասնակցությունն է:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, թե ԲՀԿ-ն անպայման մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին եւ կուսակցության համամասնական ցուցակը ղեկավարելու հավանական անձինք երեքն են` Նաիրա Զոհրաբյան, Վարդան Օսկանյան, Գուրգեն Արսենյան: