Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը:
Հանրահավաքի վերջում կրկին խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ներկայացրեց առաջիկա անելիքները: Նա հայտնեց, որ երեքշաբթի` մարտի 5-ին, ժամը 14-ին գնալու են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Սպարաետ Վազգեն Սարգսյանին: «Նույն օրը ժամը 17-ին Ազատության հրապարակով, լիքը հրապարակով մենք մեր պատասխանը պիտի տանք եւ տանենք ժողովրդին դեպի հաղթանակ»,- նշել է Հովհաննիսյանը եւ հավելել. «Թող ոչ մեկը կասկած չապրի, վախը հանված է, ցավը հանված է, ալ հերիք է, մեր ժողովուրդը միասնական է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է նաեւ, որ առաջիկա օրերին Լոս Անջելեսում եւ այլ հայահոծ քաղաքներում հանրահավաքներ են լինելու:
Հանրահավաքն ավարտվել է Հարութ Փամբուկչյանի երգի ձայնագրությամբ եւ երգահաններ Ռուբեն Հախվերդյանի ու Կարեն Մամիկոնյանի կենդանի կատարումներով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























