Իշխանությունն այս ընտրություններում միայն մի բանում ճիշտ դուրս եկավ, այն, որ պայքարը երկրորդ տեղի համար է, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է իշխանության թեկնածուն: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, որ հետընտրական իրավիճակը եւ կոնֆլիկտը պայմանավորված է Հայաստանին պատիվ չբերող ընտրակեղծիքներով: Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ հետընտրական շրջանը աննախադեպ է բոլոր առումներով՝ ի տարբերություն նախորդների, քանի որ այն դուրս է եկել մայրաքաղաքի տիրույթներից եւ բուռն ձեւով տարածվում է հանրապետության մարզերով: Նրա խոսքով, ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը բաց է պահում հաղորդակցության կապուղիները քաղաքական դաշտի բոլոր խաղացողների հետ, ինչպես նաեւ շարժման հռետորաբանությունը պոզիտիվ է: «Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից գլխավորվող շարժումը կարեւոր դաս է քաղել նախորդներից, որն է՝ չանել այն, ինչը սխալ է արվել, եւ անել այն, ինչը չի արվել»,- ասաց նա:
Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ մինչ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում, ՐաֆՖի Հովհաննիսյանը մարզերում ինաուգուրացիայի արարողություն է իրականացնում:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, նշեց, որ այն դրականը, որ մենք ունեցանք ընտրական պրոցեսներում, իր շարունակությունը կունենա նաեւ հետընտրական պրոցեսներում: «Հետընտրական զարգացումներն իրենց տրամաբանությունն ունեն, ունեն իրենց առանձնահատկությունը եւ ի տարբերություն նախկինի՝ այս անգամ այցելությունները, հանրահավաքներն ընդգրկել են ամբողջ հանրապետության տարածքը, ակտիվ քննարկումներ են ընթանում քաղաքական դաշտի բոլոր կուսակցությունների, շարժումների հետ»,- ասաց նա:
Արտակ Դավթյանի կարծիքով՝ քայլերը, որոնք իրականացվում են, օրենքների, իրավունքի, Սահմանադրության դաշտում են, այս առումով եւս նոր խոսք է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























