Ադրբեջանական դիվանագիտությունը միջազգային ասպարեզում աշխատում է ոչ միայն «խավիարային դիվանագիտությամբ», այլեւ փողոցային դիվանագիտության մեթոդներով: Այդ մասին մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Դա այն դիվանագիտությունն է, որը կիրառում է ոչ դիվանագիտական մեթոդներ: Մեզ անհրաժեշտ է պայքարել այդ ամենի դեմ, քանի որ բարդ է պայքար մղել ոչ թե փաստերի եւ փաստարկների քաղաքակիրթ մակարդակում, այլ բոլորովին այլ հարթությունում»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, տարբեր միջազգային խորհրդաժողովներում հայ գիտնականների մասնակցությունը չի սահմանափակվում միայն մասնակցությամբ: «Մենք հանդիպում ենք տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ եւ քննարկումներ կազմակերպում` ներկայացնելով անհրաժեշտ գրականությունը: Մենք պետք է նաեւ ազդենք մթնոլորտի վրա այնտեղ, որտեղ ադրբեջանական քարոզչություն է տարվում»,- նկատել է թուրքագետը:

Սաֆրաստյանի համոզմամբ, Ադրբեջանում աստիճանաբար գործընթացներ են գնում, որոնք նպաստում են ալիեւյան կլանի թուլացմանը: «Սակայն բարդ է ասել, թե ինչ կտա Ադրբեջանին երկրում քաղաքական համակարգի փոփոխությունը, քանի որ այնտեղ գոյություն չունեն հստակ ձեւավորված եւ գործող պետական մարմիններ»,- ասել է Սաֆրաստյանը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am