Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով կասկածվում է տարեց հայ կանանց դեմ բռնություններ իրականացնելու մեջ։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Ֆաթիհի շրջանում ձերբակալված 40-ամյա կասկածյալը նախկինում նման հանցանքներ եւս գործել է։
Թուրքական ոստիկանությունը ամենակարեւոր ապացույցը գտել է Սամաթիայում տան մեջ սպանված Մարիցա Քյուչուքի պայուսակում հայտնաբերված արյան ստուգման արդյունքում։ Պարզվել է, որ պայուսակի մեջ հայտնաբերված արյունը պատկանում է Մուրադ Նազարյանին։ Նշվում է, որ ականատեսների եւ անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը կրկին ձերբակալված կասկածյալի դեմ են։
Նշվում է, թե ձերբակալված Մուրադ Նազարյանը սկզբում հրաժարվել է ընդունել մեղադրանքը, սակայն արյան հետ կապված ապացույցից հետո ստիպված խոստովանել է։
Նշենք, որ դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։




























