Ալիշեր Ուսմանովին եւ Ալեքսանդր Մամուտին պատկանող ռուսական հայտնի լրատվամիջոցների միանգամից երկու գլխավոր խմբագիրներ հրաժարական են տվել: Առաջինը հայտնի էր դարձել gazeta.ru հրատարակչության գլխավոր խմբագիր Միխայիլ Կոտովի հրաժարականը, որի մասին լրագրողն անձամբ էր հայտնել lenta.ru-ին: Իր հեռանալու պատճառների մասին Կոտովը չի մանրամասնել, սակայն նշել է, որ իր կամքով է հեռացել:
Հրատարակչության աշխատակիցները Twitter-ում գրել են, որ Կոտովը հեռացել է «նոր ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով»: Սպասվում է, որ գլխավոր խմբագրի պարտականությունները կստանձնի gazeta.ru-ի եւ chempionat.com-ի գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեեւը:
«Իզվեստիան» գրում է, որ Կոտովից հետո աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել «Կոմերսանտ FM» ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Վորոբյովը:
«Կոմերսանտ» հրատարակչատնից դեռ պաշտոնական հաղորդագրություն չի ստացվել Վորոբյովի հրաժարականի մասին, նա դեռ հասանելի չի մեկնաբանությունների համար, գրում է հրատարակությունը:
Ալեքսեյ Վորոբյովը «Կոմերսանտ FM» ռադիոկայանը գլխավորել է 2012թ. Ամռանից, երբ պաշտոնը լքեց Դմիտրի Սոլոպովը:




























