Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2013 թ. հոնվարին կազմել եմ 75.2 մլրդ դրամ, ծախսերը՝ 46.1 մլրդ դրամ: Այդ մասին այսօր՝ մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը:

Այսպիսով՝ հունվարին բյուջեն կատարվել է փաստացի 29.1 մլրդ դրամ հավելուրդով:

2012 թ. հունվարի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 27.9%-ով կամ 16.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին (հարկերի եւ տուրքերի աճը 15.8 մլրդ դրամ է):

Հարկային եկամուտների (ներառյալ պետական տուրքերը) ընդհանուր ծավալը 2013 թ. հունվարին կազմել է 71.3 մլրդ դրամ: Հարկային եկամուտներն աճել են ի հաշիվ ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի եւ շահութահարկի:  Հատկանշական է, որ 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի ծավալները բավական փոքր են՝ 310.8 մլն դրամ: Գ. Զարգարյանը դա բացատրեց նրանով, որ հարկատեսակը նոր է; Նշենք, որ այս հարկի հաշվետվությունները եռամսյակային են, ուստի հնարավոր է՝ վճարումներն ավելանան եռամսյակի հաջորդ ամիսներին:

Զգալի աճ է արձանագրվել արտոնագրային վճարների մասով՝ 2013 թ. հունվարին վճարվել է 559.1 մլն դրամ, նախորդ տարվա հունվարի 20.4 մլն դրամի համեմատ: Սա պայմանավորված է նրանով, որ 2013 թ. արտոնագրային հարկով հարկման ենթակա ոլորտներն ավելացել են:

Նոր ուժի մեջ մտած եկամտային միասնական հարկի մուտքերը կազմել են 3.6 մլրդ դրամ, սակայն նախորդ տարվանից դեռ մուտք են լինում եկամտահարկի եւ սոցապ հատկացումների գումարներ: Ընդհանուր առմամբ՝ այս «բլոկից» մուտքերը կազմել են 17,5 մլրդ դրամ, նախորդ տարվա 15,3 մլրդ դրամի համեմատ: