Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ գործած անձի ձերբակալության մասին լուրը մարտի 4-ին տեղ էր գտել թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցների գլխավոր էջերում։ Իսկ Hurriyet-ը նույնիսկ ներկայացրել է Սամաթիա թաղամասի խանութներում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ ֆիքսվել է հարձակումների մեջ կասկածվողը։

Տեսագրության սկզբի հատվածում երեւում է, թե ինչպես է տղամարդը հետեւում մի կնոջ։ Այնուհետ այդ կինը սկսում է խոսել օգտագործված իրերի առքով զբաղվող մի առեւտրականի հետ։ Այդ ընթացքում տղամարդը շարունակում է քայլել։ Եւ ըստ պնդման, կողքի փողոցում իրեն հանդիպած կնոջն էլ սպանել, ում հետեւել է մինչեւ տան դուռը։  Տեսագրության մեջ նշվում է, թե հանցանքը գործելուց հետո հետ է վերադառնում նույն փողոցով եւ հանում բաճկոնին ամրացված գլխարկը։

Նշենք, որ թուրքական կայքերում տեղեկություններ են տարածվել, որ Ստամբուլի ոստիկանությունը հայ տարեց կանանց դեմ հարձակումներ գործելու կասկածանքով ձերբակալել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանին։