Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվում է Աջարիայում գտնվող իր նստավայրից: Նա պատրաստ է կառավարությանը փոխանցել Աջարիայի Բոբոկվատի ավանում գտնվող իր նստավայրը: «Բոլորը կարծում էին, որ այն, ինչ կատարվում է Բաթումիում, Անաքլիայում, Ախալցխայում, դա ինչ-որ մեկի սեւեռուն գաղափարն է: Ես պատրաստվում եմ հանձնել Բոբոկվատիի նստավայրը: Ես փաստացի չեմ այցելի այդ նստավայր»,-Բաթումիում հայտարարել է Սահակաշվիլին, հավելելով. «Այն, ինչ արվել է Բաթումիում եւ ընդհանրապես այս տարածաշրջանում, արվել է զբոսաշրջիկներ ներգրավելու համար»:

Ավելի վաղ Սահակաշվիլին հրաժարվել էր պետական պահպանությունից եւ հայտարարել, որ չի օգտվի զրահապատ ավտոմեքենաներից:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը նախագահին առաջարկել է ազատել նաեւ նրա Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող նստավայրը եւ տեղափոխվել պետական գրասենյակի շենք, որտեղ աշխատում են գործադիր իշխանության մարմինները:

Սահակաշվիլին մերժել էր այդ առաջարկը, որից հետո կառավարությունը որոշել է կրճատել նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը: