Մարտի 4-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի իր բնակարանում լոգասենյակի առաստաղի կոյուղու խողովակից պարանով կախված վիճակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 26-ամյա Արման Հ.-ի դիակը:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանն ասաց, որ հիշյալ դեպքի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 5-ին վանաձորում եւս մեկ ինքնասպանություն է գրանցվել: Ժամը 22:00-ի սահմաններում Երեւանյան խճուղու իր բնակարանում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել 57-ամյա Ազատ Հ.-ն:
Մեր տեղեկություններով` ինքնասպան եղածի բաճկոնի գրպանից գրություն է հայտնաբերվել: Հայտնաբերված երկտողը ուղարկվել է ձեռագրաբանական փորձաքննությանը: Ըստ տեղեկությունների` ինքնասպանութուն գործածը սիրել է մի կնոջ, այդ սերը սակայն փոխադարձ չի եղել եւ նա դիմել է նման քայլի: Ըստ դատաբժշկի տված եզրակացության, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:




























