Թուրքական ոստիկանության կողմից տարեց հայ կանանց դեմ հարձակումներ գործելու մեջ կասկածվող Մուրադ Ն.-ի ձերբակալությունից հետո Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի հետ։
Ինչպես տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանի կայքից, Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը մարտի 5-ին հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի հետ՝ հայտնելով իր գոհունակությունը տարեց հայ կանանց դեմ հարձակման մեջ մեղադրվողի ձերբակալության համար։ Թուրք նախարարը պնդել է, թե անվտանգության ուժերն իրենց պարտականությունները կատարում են առանց ուշադրություն դարձնելու ազգային կամ կրոնական պատկանելությունները։
ՆԳ նախարար Մուամեր Գյուլերն իր խոսքում Ստամբուլի հայ համայնքի անդամներին բարեմաղթանքներ է ուղղել, ինչին ի պատասխան արք. Աթեշյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ցուցաբերած քաղաքավարության եւ ուշադրության համար։
Նշենք, որ թուրքական կայքերում տեղեկություններ են տարածվել, որ Ստամբուլի ոստիկանությունը հայ տարեց կանանց դեմ հարձակումներ գործելու կասկածանքով ձերբակալել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանին։




























