Քննիչները պարզել են Սերգեյ Ֆիլինի դեմ հարձակման մանրամասները: Պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար մենակատար 28-ամյա Պավել Դմիտրիչենկոն գեղարվեստական ղեկավարի դեմ հարձակման համար վճարել էր 50 հազար ռուբլի:
Դմիտրիչենկոն հետաքննությանը պատմել է նաեւ դրդապատճառների մասին: Գլխավոր պատճառը Ֆիլինի հանդեպ անձնական հակակրանքն է եղել, քանի որ վերջինս անարդար է վերաբերվել Դմիտրիչենկոյի քաղաքացիական կնոջ` բալետի պարուհի Անժելինա Վորոնցովայի նկատմամբ:
Դմիտրիչենկոն հայտնել է, որ գեղարվեստական ղեկավարը խոչընդոտում էր բալետի պարուհու ստեղծագործական առաջընթացին:
Թատրոնի մենակատարը նաեւ պատմել է, որ չի ցանկացել նման լուրջ վնաս պատճառել իր ղեկավարի առողջությանը: Նա ցանկացել էր միայն վախեցնել Ֆիլինին եւ կատարողներին հրահանգել էր միայն ծեծի ենթարկել նրան, իսկ «ծծմբաթթվային հարձակումն» իր համար անսպասելի էր:
50 հազար ռուբլու դիմաց Պավել Դմիտրիչենկոն կատարողներ էր գտել իր ծանոթների շրջանում: Նախկինում դատված Յուրի Զարուցկին ապրում էր մայրաքաղաքից հեռու` Մերձմոսկվայի Ստուպինսկի թաղամասում, որն ավելի կդժվարացներ նրան գտնելը: Զարուցկին օգնական էր գտել` 31-ամյա Անդրեյ Լիպատովին:
Պավել Դմիտրիչենկոն Ֆիլինի հետ կոնֆլիկտի այլ պատճառներ էլ ուներ: Մենակատարի ծանոթները «Իզվեստիային» պատմել են, որ Դմիտրիչենկոն կապ ունի թատրոնի ղեկավարների էլեկտրոնային փոստի հաքերային հարձակումների հետ: Էլեկտրոնային փոստերը կոտրելը ղեկավարների կոռուպցիոն խարդախությունների մասին ապացույցներ ստանալու նպատակ էր հետապնդում:
«Իզվեստիայի» տրամադրության տակ են հայտնվել Մեծ թատրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Գեթմանի հետ նամակագրությունից հատվածներ: Դրանցից մեկում Գեթմանը Ֆիլինի հետ քննարկում է Իսրայելում թատրոնի մի քանի պարողների ելույթները: Ի պատասխան Ֆիլինը գրել էր. «Ինձանից ոչ ոք թույտվություն չի վերցրել եւ հրավիրատոմս էլ չեմ ստացել: Նորից ինքնագործունեություն: Հեռացնել բոլորին»:




























