Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են երեք մարդու, ովքեր կասկածվում են Hitachi ընկերության ռուսական ներկայացուցչության թոփ մենեջեր Յակով Ֆոմինիխին առեւանգելու եւ սպանելու մեջ:
Մոսկվայի ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցները նրանց ձերբակալել են մարտի 5-ին: Ձերբակալվածները նշել են, որ դեկտեմբերի 11-ին Պոլինա Օսիպենկոյի փողոցում հարվածել են Ֆոմինիխի գլխին եւ նստեցրել Infiniti ավտոմմեքենան: Դրանից հետո, նրան տարել են Տորժոկ-Օստաշկով ավտոճանապարհի 29-րդ կմ: Ձերբակալվածները խոստովանել են նաեւ, որ սպառնացել են Ֆոմինիխին, որպեսզի իմանան, թե որտեղ են գտնվում փողերը, ապա սպանել են նրան, հաղորդում է BFM.RU-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆոմինիխի սպանությունը կատարվել է 2012-ի դեկտեմբերի 11-ին, առանձնակի դաժանությամբ: Զելենոգրադում հայտնաբերվել է նրա այրված ավտոմեքենան եւ փաստաթղթերով պայուսակը: Հաջորդ օրը Տվերի մարզում բուլդոզերիստը ձյունը մաքրելիս գտել է տղամարդու մարմինը:
Փորձագետները պարզել են, որ մահից առաջ նրան տանջել են, ապա կոտրել վիզը: Կոտրված է եղել նրա ողնաշարը, մատները, մարմնի վրա կապտուկներ ու այրվածքներ են եղել: Նախնական տեղեկություններով մենեջերի մատները կոտրել են մուրճով:
Քննիչները կարծում են, որ նրանից որոշակի կոմերցիոն տեղեկատվություն են փորձել կորզել, գրում է NEWSru.com-ը:
Անհետացման օրը Hitachi-ի աշխատակիցը պետք է մասնակցեր բազմամիլիոն գործարքի կնքմանը, սակայն չի հասցրել դա անել:




























