Ես չեմ կարծում եմ, թե եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելու ցանկություն հայտներ, որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ կհրաժարվեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չհանդիպելու մասին տարածված տեղեկություններին:

«Ես դա ձեզանից եմ իմանում, նման ինֆորմացիա չունեմ եւ չեմ կարծում, որ կարող էր նման բան լինել: Չեմ կարծում, թե այս հարցում նման բան հնարավոր է, այլ հարց է, թե ինչքանով կարող են քաղաքական ուժերը համագործակցել, կամ ընդառաջ գնալ նրա ցանկություններին,  բայց հրաժարվել հանդիպել, դա այդքան էլ իրատեսական չէ: Կարծում եմ` ոչ մեկը չէր հրաժարվի հանդիպել, հանդիպումը դա ընդամենը հանդիպում է, քաղաքական ուժերը միշտ էլ կարող են հանդիպել, զրուցել, կոնսուլտացիներ անցկացնել, փորձի փոխանակմամբ հանդես գալ, բայց մի բան է հանդիպումը, մի բան է արդյունքը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպման մասին տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ «Հրապարակի» տեղեկություններով` Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման առաջարկ է արել թե Գագիկ Ծառուկյանին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն, ի տարբերություն Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանը մերժել է հանդիպման առաջարկը: