Թուրք-ամերիկյան հարաբերությունները վտանգված են: Այդ մասին ասված է ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` RAND կորպորացիայի՝ «Վտանգված գործընկերություն. թուրք — ամերիկյան հարաբերությունները աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» ծավալուն մենագրության մեջ:
RAND-ի վերլուծաբանների համոզմամբ` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական երեւույթ է: «Հայաստանի համար երկկողմ հարաբերությունների բարելավումը Մոսկվայից տնտեսական եւ քաղաքական կախվածության թուլացում կնշանակի: Բացի այդ, Հայաստանը կարող է ընդգրկվել տարածաշրջանային տնտեսական ու էներգետիկ այն ծրագրերում, որոնցից դուրս է մնացել: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կարող է նոր լիցք հանդիսանալ Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին», — նշում են ամերիկացի վերլուծաբանները եւ հավելում. «Ամեն դեպքում, սխալ կլիներ կարծել, որ հայ — թուրքական հարաբերությունների բարելավումն արդեն իսկ իրականություն է դարձել: Երկու երկրների մերձեցումը որոշակի լարվածություն է ստեղծել Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում»:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը շաղկապում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ RAND-ի փորձագետները գրում են. «Մեծ է հավանականությունը, որ այդ պատճառով կդժվարանա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացը»:
Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ` այս գործընթացին խոչընդոտող եւս մեկ գործոն է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող բանաձեւի նախագիծը: «Բանաձեւի ընդունումը կարող է լրջորեն վնասել Օբամայի վարչակազմի` Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը: Բանաձեւի ընդունման դեպքում Անկարան կարող է պատասխան քայլերի դիմել` որոշակիորեն սահմանափակելով ամերիկացիների` Թուրքիայի տարածքում գտնվող ենթակառույցներից օգտվելու հնարավորությունները»,- նշում են RAND կորպորացիայի մասնագետները՝ չբացառելով Թուրքիայում նոր ռազմական հեղաշրջման հնարավորությունը:




























