Ո՛չ համանախագահները, ո՛չ էլ ԵԱՀԿ գործող նախագահը, ով այսօր գտնվում է Հայաստանում եւ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ղարաբաղյան կողմին չեն ներկայացրել բանկցությունների ընթացքում առաջարկված մադրիդյան նորացված սկզբունքները: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք այդ նորացված սկզբունքները կամ որեւէ այլ առաջարկներ ներկայացվել են իրեն, Բակո Սահակյանը պատասխանեց. «Քանի որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, բնական է, որ պաշտոնական փաստաթուղթ համանախագահների կողմից չի ներկայացվում ԼՂՀ-ին։ Բայց դա չի նշանակում, որ մենք տեղյակ չենք այս կամ այն փաստաթղթի բովանդակությանը: Բնական է, որ մենք տեղյակ ենք նաեւ այդ նորացված փաստաթղթի կետերին: Բայց այստեղ նույնպես մենք մշտապես կրկնում ենք այն, որ առանց ԼՂՀ-ի թե՛ այդ փաստաթղթերի մշակման, թե՛ նրանց հետագա քննարկման, եւ թե՛ դրանց շրջանակներում այս կամ այն համաձայնության հասնելն անհնարին է: Այս տեսակետը նույնպես փոխանցվել է ԵԱՀԿ գործող նախագահին»:
Նա անդրադարձավ նաեւ Թուրքիայի տեսակետին, թե հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ չի լինի առանց ԼՂ խնդրում առաջընթացի, նշելով, որ այդ երկու խնդիրներն իրար հետ կապված չեն եւ չեն էլ կարող կապված լինել: «Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, բայց մենք հնարավորություն ենք ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման շրջանում մեր տեսակետը հայտնելու, որ այդ հարաբերությունների բարելավումը որեւէ կապ չունի եւ չի էլ կարող կապ ունենալ ԼՂ խնդրի լուծման հետ:
Թուրքիան շարունակում է իր հայտարարությունները եւ փորձում է կապել այդ երկու խնդիրները, բայց հեռանկարում այդպիսի մոտեցումը չի կարող արդարացված լինել»:




























