Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 16-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության պետական քարտուղար-ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բանակցությունները սկսվեցին նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեցին ընդլայնված կազմով:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունները` նշելով, որ երկու երկրները մեծ ներուժ ունեն տարբեր ձեւաչափերով ընթացող փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար:

Կողմերը քննարկել են մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, անդրադարձել միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցությանը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը, դրա արդյունավետության բարձրացմանը եւ եվրոպական անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ դերը կայունության եւ անվտանգության ապահովման, ժողովրդավարական գործընթացների եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում:

Նախարարներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին` ընդգծելով Մինսկի խմբի դերը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացում, արծարծել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: