Վրաստանի բանտերում ազատազրկվածները խոշտանգումների են ենթարկվում։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Վրաստանի ապագան» կուսակցության առաջնորդ Գեորգի Լագիձեն։
«Մենք տեղյակ ենք, որ Գլդանի, Ռուսթավիի եւ Քութայիսիի բանտերում շարունակում են բանտարկյալներին ծեծել եւ խոշտանգումների ենթարկել։ Ազատազրկվածներին հանրորեն ծեծում են նույնիսկ փոքրագույն զանցանքի համար»,- լրագրողներին հայտնել է կուսակցության առաջնորդը։
Նրա խոսքով, վերջերս բանտապահների կողմից ծեծի ժամանակ բանտարկյալներից մեկը զրկվել է աչքից։
«Իշխանության ներկայացուցիչները բացահայտորեն ստում են՝ ասելով, որ վերջին շրջանում բանտերում իրավիճակը լավացել է։ Մեր տեղեկություններով, ավելացել է ազատազրկվածների մահացությունների քանակը, հիվանդներին չեն տեղափոխում բանտային հիվանդանոց»,-հայտարարել է Լագիձեն։
«Кавказ пресс»-ի հաղորդմամբ, ընդդիմադիր քաղաքական գործիչը նաեւ հայտնել է, որ «Վրաստանի ապագա» կուսակցությունը միջազգային կազմակերպություններին սպառիչ տեղեկություններ կտրամադրի հանրապետության բանտային համակարգում տիրող իրավիճակի մասին։




























