Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին երկու օրում Հայաստանից Ադրբեջանի տարածք են անցել Հայաստանի երկու քաղաքացիներ:

Ըստ այդմ, մարտի 16-ին Ադրբեջանի Ղազախի շրջանում սահմանը հատել է Հայաստանի Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ, 87-ամյա Դուրմիշ Քառյանը, իսկ հաջորդ օր՝մարտի 17-ին, Այգեհովիտ գյուղի բնակչուհի 48-ամյա Անահիտ Առաքելյանը:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն ասաց, որ Դուրմիշ Քառյանը, ով հոգեկան շեղումներ ունի, արդեն մի քանի օր է, ինչ կորել է, ապրում էր աղջկա հետ:

Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում խնդրեց քիչ ավելի ուշ զանգահարել, քանի որ այս պահին զբաղված են սույն դեպքով: Այգեհովիտի գյուղացիների փոխանցմամբ՝ Անահիտը մարտի 17-ին գնացել է բանջար հավաքելու եւ չի վերադարձել: Նա ապրում է քրոջ եւ քրոջ որդու հետ եւ եւս հոգեկան անհավասարկշիռ վիճակում է:

Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ամենայն հավանականությամբ, Հայաստանի երկու քաղաքացիներն առաջիկա օրերին պետք է վերադարձվեն Հայաստանին:

Մանրամասներն՝ առաջիկայում:

 

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի