Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովին կից աշխատանքային խումբը ստուգում է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների հավաստիությունը` Հայաստանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Ստուգվում է տեղեկատվության հավաստիությունը, հնարավոր հանգամանքները»,- ասել է Կապրիելյանը:

Vesti.az-ի փոխանցմամբ, մարտի 16-ին սահմանը հատել է Նոյեմբերյանի Դովեղ գյուղի բնակիչ Դուրմուշ Քառյանը, իսկ մարտի 17-ին` Իջեւանի Այգովիտ գյուղի բնակչուհի Անահիտ Առաքելյանը: Ադրբեջանի ՊՆ տվյալներով, երկուսն էլ ձերբակալվել են սահմանային անցակետերում եւ փոխանցվել գերիների, անհետ կորածների եւ պատանդների պետական հանձնաժողովին: Ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովի խոսքով, երկուսն էլ քաղաքացիական անձինք են, տարեց մարդիկ. «Ադրբեջանը կցանկանար հետ վերադարձնել նրանց: Ըստ ամենայնի, առաջիկա օրերին նրանց հետ կվերադարձնեն: Հանձնաժողովը մտադիր է դիմել կարմիր Խաչի միջազգային կոմիտեին` հայկական կողմին համապատասխան ծանուցելու համար»: