Հայաստանի առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր բացվեց ամոքիչ (պալիատիվ) օգնության մեր երկրում առաջին համապարփակ ծառայությունը: Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ստեղծված այս ծառայության անհրաժեշտությունը չափազանց մեծ էր։ Ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք ունի մեր երկրի ավելի քան 3000 քաղաքացի: Նորաստեղծ բաժանմունքը, բնականաբար, չի կարող ամբողջովին ապահովել բոլոր հիվանդների կարիքները, սակայն այն կարեւոր քայլ է մոտակա տարիների ընթացքում այդ բազայի հիման վրա Հայաստանի ամբողջ տարածքում նմանատիպ այլ ծառայությունների ստեղծման համար:

ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2011 թվականին առողջապահության նախարարության, Բաց հասարակության ինստիտուտի եւ Հայաստանի հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիայի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծվել է ամոքիչ (պալիատիվ) օգնության ուսումնական կենտրոն, որը կազմակերպել է բժիշկների հետդիպլոմային վերապատրաստման դասընթացներ` նպատակ ունենալով մասնագետներ պատրաստել ամոքիչ օգնության ապագա ծառայությունների համար (ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում): ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում 2011թ. ընթացքում միջազգային փորձագետների հետ ուսումնասիրվել եւ գնահատվել են ամոքիչ (պալիատիվ) ծառայության կարիքները, թարգմանվել եւ տեղայնացվել են բժիշկների եւ բուժքույրերի համար նախատեսված պալիատիվ խնամքի կրթական ծրագրերը, որոնցով վերապատրաստվել է բժշկական եւ բուժքույրական կրթական հաստատությունների 50 դասավանդող, ինչպես նաեւ մշակվել են պալիատիվ խնամքի ազգային ուղեցույցներ:

Փորձարարական ծրագրով ներդրվել է նաեւ ամոքիչ (պալիատիվ) օգնության շարժական ծառայություն:

Նորաբաց բաժանմունքը կծառայի ինչպես կոնկրետ հիվանդների բուժումն ու խնամքն ապահովող ծառայություն, այնպես էլ կներկայանա որպես ուսումնական կլինիկական բազա, ինչը հնարավորություն կտա ապահովել ուսումնական գործընթացի բարձր մակարդակ եւ արդյունավետություն: