Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը չէր սպասում, որ կարող է պարտվել Շիրակի մարզում: Այդ մասին, «Առավոտի» փոխանցմամբ, Սարգսյանն ասել է այսօր` մարտի 18-ին մի խումբ լրագրողների հետ զրույցում:
«Ինձ համար, իհարկե, ցավ է, որ ես պարտվել եմ Շիրակի մարզում: Ես կանխատեսում էի, որ կարող է անհաջողություն ունենամ Գյումրի քաղաքում, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ պրոբլեմներն ավելի շատ են, քան այլ տարածքներում, այլեւ որովհետեւ մենք մեր կուսակցական կառույցները չհասցրեցինք վերականգնել»,- նշել է նա եւ հավելել. «Տեսաք, մենք քաղաքապետի ընտրություններում թեկնածու չառաջադրեցինք, ավելին, աջակցեցինք այլ կուսակցության ներկայացուցչի, բայց, ցավոք, նախագահական ընտրությունների ժամանակ որեւէ աջակցություն չստացանք: Բայց որ կպարտվեի Շիրակի մարզում՝ իրապես չէի սպասում»:
Ըստ Սարգսյանի, երբ ասում է այս մասին, դա չի նշանակում, որ վիրավորված կամ նեղացած է շիրակցիներից կամ Գյումրիից: «Եւ քանի որ պետք է ասեմ, ես կրկնում եմ իմ այն արտահայտությունը, որ ես արել եմ տարիներ առաջ, որ ես ինձ համարում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը՝ այն քաղաքացիների, ովքեր ինձ կողմ են քվեարկել, այն քաղաքացիների, ովքեր ինձ դեմ են քվեարկել, եւ իհարկե, այն քաղաքացիների, ովքեր ընդհանրապես, քվեարկության չեն մասնակցել: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ բոլոր այն բնակավայրերում, բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ մենք պարտվել ենք, մենք մեր ուշադրությունը պետք է ավելացնենք: Ուրեմն՝ խնդիրներ կան, ուրեմն պրոբլեմներ կան եւ այդ խնդիրները միայն սոցիալ-տնտեսական բնույթի չէին»,- նշել է նա:




























