Թուրքիայում մոտ 4,5 տարի ընթացող, 275 մեղադրյալների մասնակցությամբ «Էրգենեկոն»-ի գործով դատավարությանը մեղադրող կողմը 64 մեղադրյալի համար պահանջել է ցմահ ազատազրկում։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  «Էրգենեկոն»-ի գործով դատավարությանը դատախազը 64 մեղադրյալի նկատմամբ պահանջել է ցմահ ազատազրկում։ Այդ 64-ի մեջ են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներ Մեհմեդ Հաբերալը, Մուսթաֆա Բալբայը եւ Սինան Այգյունը։  Ցմահ պատժաչափ է պահանջվել 29 զինվորականի նկատմամբ, որոնցից 13-ը գեներալ են։

Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի նախկին փոխտնօրեն Իբրահիմ Շահինի համար եւս ցմահ է պահանջվել, սակայն հաշվի առնելով նրա մոտ առկա հիվանդությունը, որոշվել է պահանջել 25 տարվա ազատազրկում։

Իբրահիմ Շահինը հայտն է նրանով, որ նա ցանկացել էր կազմակերպել Պոլսո հայոց պատրիարքի եւ հայտնի ստամբուլահայերի դեմ մահափորձեր։

Հիշեցնենք, որ  «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել:  «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել  Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը: