Սերժ Սարգսյանը շատ կուզենա, որ սահմանադրական բարեփոխում արվի եւ խորհրդարանական կառավարում մտցվի: Այդ մասին այսօր` մարտի 19-ին, Ազատության հրապարակում ընթացող քաղաքացիական խորհրդի շրջանակներում հայտարարել է ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:
Վերջինիս խոսքով, սա Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարումն է, եւ նա, ըստ Սահմանադրության, չի կարող երրորդ անգամ կառավարել: «Շատ կուզենա, որ մի ռեֆորմ արվի, որ հնարավորություն ունենա պաշտոնավարել այս երկրում: Բայց դա չի նշանակում, որ պիտի հակառակվենք այդ առումով: Կարծում ենք, որ այդ ռեֆորմը պետք է լինի, իսկ ճիշտ անելու դեպքում կբացառենք նման մարդկանց հայտնվելը իշխանության մեջ»,- նշել է Ռուբինյանը:
Նա հիշեցրել է Հայաստանի նորագույն շրջանի պատմությունը, երբ Գերագույն խորհուրդը դարձավ իրապես գործուն մարմին` դնելով Հայաստանի պետականության հիմքերը:
«Ունեցել ենք երեք նախագահ, եւ, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ նախագահական կառավարման փորձը անհաջող է: Ունեցել ենք հաջող խորհրդարանական կարճ կառավարման փորձ: Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում, իհարկե նշելով բոլոր ձեռքբերումները, նշեմ նաեւ մի ցավալի կոպիտ սխալ, որը ինքն ընդունեց հինգ տարի առաջ, երբ ներողություն խնդրեց Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելու համար: Խնդիրը ոչ թե անձերի մեջ էր, այն ժամանակ ով կմտածեր, որ նման որակներ կդրսեւորեն»,- նշել է Ռուբինյանն ու հավելել. «Մինչ այդ մենք վարում էինք քաղաքականություն, որ Ղարաբաղն անկախացել է, եւ բոլոր ատյաններում խոսում էին, որ պատերազմում է Ղարաբաղը: Ռոբերտ Քոչարյանը, լինելոց Ղարաբաղի նախագահ, համաձայնվեց գալ եւ դառնալ վարչապետ: Դրանով լուրջ հարված հասցվեց բանակցային գործընթացին»: Ըստ Ռուբինյանի, այդ նշանակումը երկրի նախագահը որեւէ մեկի հետ չի քննարկել, բացի նեղ շրջապատի անձանցից:
«Հինգ տարի է անցել նրա կառավարումից հետո, եւ Forbes-ի տվյալներով` մեր երկրի ամենահարուստ մարդն է: Ինչի՞ հաշվին, եթե ոչ թալանի: Նույնը Սերժ Սարգսյանն է հիմա համար մեկ օլիգարխն է: Խորհրդարանը դարձել է անատամ կառույց, որը դակում է կառավարության որոշումները»,- արձանագրել է Ռուբինյանը` ամփոփելով, որ միանձնյա ղեկավարման սկզբունքը, որին գումարվում են խորհրդային կաղապարները, Հայաստանի համար արդյունավետ լինել չի կարող:



























