Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այսօր՝ մարտի 19-ին, հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:
ԱԺ փոխնախագահը պատասխանել է հանրապետության ներքին քաղաքական- տնտեսական խնդիրներին եւ երկրի արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցերի:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդուարդ Շարմազանովը, ուսանողների խնդրանքով մասնավորապես անդրադառնալով արտագաղթի խնդրին, այն գնահատել է որպես ցավալի երեւույթ հատկապես աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում, բայց միաժամանակ անընդունելի է համարել երեւույթի ծայրահեղացումն ու միայն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորելը: Նրա գնահատմամբ՝ իշխանություններն այսուհետ ավելի հետեւողական պետք է լինեն, բազմապատկեն ջանքերը եւ համակարգված քաղաքականությամբ նվազագույնի հասցնեն այն:
Էդուարդ Շարմազանովը խոսել է նաեւ ներքաղաքական իրողությունների մասին: Նրա գնահատմամբ՝ հասարակության մեջ առկա բազմակարծությունը ժողովրդավարական հասարակությանը բնորոշ երեւույթներ են, բայց անհասկանալի է, երբ ընդդիմությունն իր բարձրացրած խնդիրները փորձում է լուծել՝ չունենալով առարկայական որեւէ փաստարկ ու քաղաքական ծրագիր: Իշխանությունը, որը քաղաքական կամք է ցուցաբերել ու կազմակերպել լավ ընտրություններ, միշտ էլ պատրաստ է երկխոսության: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ երկրում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք համատեղ ուժերով լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները հնարավոր է լուծել ծրագրեր առաջարկելով ու դրանք կյանքի կոչելով եւ ոչ թե զգացմունքային հայտարարություններով:
Ուսանողներից մեկի այն հարցին, թե որոնք են արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի առաջնահերթությունները, Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Հայաստանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ առաջնորդվելով ազգային-պետական շահով: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մեր երկիրը անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ է հաստատել: Արտաքին սպառնալիքներ ունեցող Հայաստանի համար դա ճիշտ ճանապարհն է, բայց չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ նույնպես լուրջ համագործակցություն ծավալելուն:
«Մենք անկախ պետություն ենք եւ գործակցում ենք թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, թե ԱՊՀ եւ թե՛ աշխարհի շատ ու շատ երկրների հետ», -ասել է Էդուարդ Շարմազանովը:




























