Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին: Ինչպես եւ նախորդ, այս տարի եւս բակերի բարեկարգման ծրագրերում ներգրավվելու ցանկություն են հայտնել նաեւ մասնավոր ներդրողներ, ինչը եւս մեկ անգամ վկայում է քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության մասին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի Բ 2 թաղամասի 138 եւ Սեբաստիայի փողոցին հարակից 28-ից 30 շենքերի բակերը կառուցվում են մասնավոր ներդրողների միջոցներով: Կարեւորելով համատեղ աշխատանքի իրականացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց եւ պատրաստակամ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների եւ անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երեւանի բարեկարգման գործում. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն սկսել են մեծ ծավալի աշխատանքները եւ հատկանշական է, որ այստեղ հաջողված է քաղաքապետարան-վարչական շրջան-մասնավոր հատված համագործակցությունը: Քաղաքապետարանի տարեկան ծրագրից բացի այս վարչական շրջանում մասնավորի հետ համատեղ բազմաթիվ բակեր ենք հանձնել մեր բնակիչներին: Մենք փորձելու ենք մյուս վարչական շրջաններում եւս ակտիվացնել նմանատիպ համագործակցությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի, ինչպես նաեւ Շերամի եւ Օհանովի փողոցների շենքերին հարակից բակերի բարեկարգման ընթացքին: Քաղաքապետի այցելության պահին բակային տարածքներում արդեն փոխվում էին եզրաքարերը, սալապատվում ճեմուղիները, որոշ հատվածներում էլ բակերը մաքրվում էին ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներից: Վարչական շրջանի բնակիչների հավաստմամբ, իրենք սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին եւ հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները՝ գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ժամանակակից խաղային ատրակցիոններով, արտաքին լուսավորությամբ ապահովված նոր ու հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար: Բացի այդ, բնակիչները նաեւ իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու հանգստի գոտի ունենալուն, ինչն այսօր արդեն իրականություն է դառնում:
Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին զեկուցել է, որ բակերի համալիր բարեկարգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն եւ կավարտվեն նախանշված ժամկետներում:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւել է նաեւ Ա2 թաղամասի Անդրանիկի փողոցում ջրագծի անցկացման աշխատանքների ընթացքին: Այս խնդիրն, ի դեպ, թաղամասի բնակիչների կողմից բարձրացվել էր քաղաքապետի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցերից մեկի ժամանակ: «Երեւան Ջուր» ընկերության տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ շուրջ 700 գծամետր ձգվող այս նոր ջրագծի անցկացման արդյունքում թաղամասը կապահովվի կայուն ջրամատակարարումով: Իսկ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավման նպատակով այս տարի մայրաքաղաքում մի շարք ներդրումային ծրագրեր կիրականացվեն, որոնց ընթացքը քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է. «2013թ-ին 2,5 մլրդ դրամի աշխատանքներ են նախատեսվել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով: Երեւանում այսօր ունենք 320 հազար բաժանորդ, որոնց մոտ 70 %-ը ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Մենք քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովենք ողջ Երեւանում».- նշել է քաղաքապետը:




























