Հանրապետությունում շարունակվում է հետընտրական լարվածությունը. Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը. ավանդույթը չխախտվեց՝ Սահմանադրական դատարանը շարունակում է մնալ գործող իշխանության կամակատարը: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նաեւ նշել է.
«Բացահայտ փաստերը, որ մոտ 600 ընտրատեղամասերում, որտեղ ընտրություններին մասնակցել են ընտրողների 75-100տոկոսը եւ որոնցում 80-100տոկոս ձայն են տվել գործող նախագահին, բարձր դատարանը անտեսեց այն, չնայած իրենք իրենց լիազորության սահմաններում կարող էին անձամբ կազմակերպել այդ տեղամասերում վերահաշվարկը: Եվ այն երեսպաշտական հայտարարությանը, որ քիչ են անհրաժեշտ բողոք-դիմումները ընտրակեղծիքների մասով, ընդհամենը կհակադարձեմ հետեւյալով. թե´ 1996թ-ին, թե´ դրանից հետո, եւ, մասնավորապես, 2008թ-ի ընտրություններից հետո, բողոք-դիմումներով հեղեղված էին թե´ ԿԸՀ-ն եւ թե´ Սահմանադրական դատարանը, բայց բարձր դատարանի որոշումը անփոփոխ էր՝ իշխանության թեկնածուն հաղթել է: Եվ առայժմ հրապարակի վրա է մնացել ընդհամենը քաղաքական մակաբույծներից մեկի կողմից հնչեցրած որակավորումով, որ ընդդիմության ներկայացուցչին ձայն են տվել սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, աղանդավորները, հասարակության անգիտակից մասը: Իսկապես, նման իշխանություններից օր առաջ ազատվելը գերխնդիր է դառնում մեր պետության եւ ժողովրդի համար:
Եթե, իսկապես, պարո´ն Սարգսյան, Դուք գտնում եք, որ ստեղծված այս իրավիճակը հնարավոր է լուծել մերժված առաջարկությունները կրկին անգամ փակ ծրարով հրապարակ հանելու, Րաֆֆիին անպարկեշտ արտահայտությունների մեջ մեղադրելու, ինչպես նաեւ հացադուլավորին սոված եւ հիվանդ որակավորելու եւ նրա հետ զրույցի պատրաստ չլինելու մեջ, ապա վստահորեն կարող եմ ասել, որ Դուք իրապես չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում հանրապետությունում եւ ինչի կարող է հանգեցնել ձեր դիրքորոշումը: Առավել քան վստահ եմ, որ այս իրավիճակը պետք է հարթել միմիայն համապարփակ քաղաքական օրակարգի առկայությամբ երկխոսության միջոցով, բայց այդ օրակարգը եւ առաջարկությունները պետք է համարժեք լինեն ստեղծված իրավիճակին եւ հաղթողը պետք է լինի մեկը՝ պետությունը: Այս իրավիճակում առանձին հաղթողներ եւ պարտվողներ չեն կարող լինել, եթե հաղթում են, ապա հաղթում են բոլորը՝ ժողովուրդը, պետությունը, իսկ եթե պարտվում են՝ պարտվում ենք բոլորս, այդ թվում նաեւ թվացյալ կամ պյուռոսյան հաղթանակի կրողը: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր կողմանկիցները կողմ են բաց քննարկումներին եւ երկխոսության միջոցով համապարփակ լուծումներ գտնելուն»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























