Հայաստանի խորհրդարանի նախագահի հրավերով խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է երկրում ստեղված հետընտրական իրավիճակը, սակայն խորհրդակցությանը ներկա են եղել բոլոր քաղաքական ուժերը՝ բացառությամբ «Ժառանգության»: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական ուժերին ներկայացվել է մի օրինագիծ, ըստ որի ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվում: «Մենք արդեն հայտարարել ենք, որ խորը քաղաքական ճգնաժամը երկրում պայմանավորված է նրանով, որ իշխանություններն ընտրությունների կեղծման գործող մեխանիզմ են ստեղծել, որի արդյունքում մենք չունենք օրինական իշխանություն: Նախորդ նիստում ՀԱԿ-ը հանդես է եկել կարճ ժամանակում ընտրական համակարգ ձեւավորելու մասին առաջարկությամբ

եւ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնել»,-ասել է նա:

Զուրաբյանը նշել է, որ իշխող կուսակցության ներկայացրած օրինագիծը ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ չի պարունակում: «Նախագիծը միայն մշուշոտ ձեւակերպումներ է պարունակում սահմանադրական եւ ընտրական բարեփոխումների մասին: Եթե իշխանությունները մտադիր են համագործակցել քաղաքական ուժերի հետ՝ կապված ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ, ապա կարող եմ ասել, որ այդ առաջարկությունը հեգնանք է ընդդիմության ու հասարակության հասցեին: Դա նշանակում է, որ իշխող կուսակցությունն ընդդիմության հետ երկխոսության իլյուզիա է ստեղծում, իսկ եթե ցանկանում են պայմաններ ստեղծել, որ քաղաքական ուժերը կարողանան արտահայտել իրենց կարծիքը ներքաղաքական իրավիճակի մասին, ապա կարող են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել առանց մեզ հետ խորհրդակցելու, մենք էլ կորոշենք մեր մասնակցության ձեւաչափը»,-ասել է Զուրաբյանը: