Հայաստանում ձեւավորվել է շատ արատավոր ավանդույթ. ամեն անգամ կեղծելով ընտրությունների արդյունքները, իշխանություններն սկսում են հայտարարել հանդուրժողականության, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, խելամիտ փոխադարձ զիջումների մասին, իսկ նոր ընտրությունների անցկացումը համարում են մաքսիմալիզմ: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարել է ՀԺԿ նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ լավագույն երկխոսությունը ժողովրդավարական ընտրություններն են: Ակնհայտ է, որ կեղծված ընտրությունների բացասական ազդեցությունը կարող է չեզոքացվել նոր ազատ ընտրություններով եւ այլ լուծում չկա: Դա միակ սթափ քայլն է, որը կարող է լուծել երկրում ստեղծված իրավիճակը»,-ասել է Դեմիրճյանը:
Նրա խոսքով՝ ամեն ընտրությունից հետո սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկելու փոխարեն, պետք է կիրառել Սահմանադրության երկրորդ հոդվածը: «Ի վերջո, պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր կեղծված ընտրություն հետ է շպրտում երկիրը եւ խրախուսում արտագաղթը: 2008 թվականի «մարտի 1-ի» դեպքերը եւս կեղծված ընտրությունների հետեւանք էին: Մենք ուզում ենք հավատալ, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը կաշխատի ավելի համալիր, քան նախորդը եւ կգտնի նրանց, ով հրամայել է կրակ բացել մարդկանց վրա: Մարտի 1-ի սպանդի կազմակերպիչները պետք է կանգնեն դատարանի առջեւ»,-ամփոփել է ՀԺԿ նախագահը:




























