Գործող նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի համոզիչ է, քան հայտարարությունները, թե անհրաժեշտ է անհապաղ ճանաչել ԼՂՀ անկախությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Սակայն, նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի տեսակետն այնքան էլ հասկանալի չէ: «Նա ասում է, որ մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե պատերազմ սկսվի եւ Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի, եթե մենք ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Այսինքն Ղարաբաղի անկախությունը վերածվում է մի բանի, որը կախված է պատերազմից: Դա բացարձակապես այդպես չէ, դա սխալ մոտեցում է»,-նշեց Մելիքյանը:
Նրա համոզմամբ՝ պետք է ԼՂՀ ճանաչմանն ուղղված զուգահեռ գործընթաց սկսել: «Եվ այդ գործընթացը ԼՂՀ ճանաչումը կվերածի քաղաքական օրակարգի հարցի, ոչ թե պատերազմի խնդրի: Ես չեմ կարող համաձայնել Սերժ Սարգսյանի հետ, ով այդ հարցը տեսնում է որպես ռազմական օրակարգի բաղկացուցիչ մաս»,-ընդգծեց Արման Մելիքյանը՝ հավելելով, որ գոյություն ունեն դիվանագիտական եւ քաղաքական մեթոդներ, որոնց օգնությամբ փաստացի անկախությունը կարելի է դարձնել իրավական անկախություն:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























