Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 20-ին հանդիպում է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում խորհրդարանում:
Նկատելով, որ ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են՝ Հերմինե Նաղդալյանը զրույցն սկսել է իրեն հաճախ տրվող հարցի պատասխանով՝ արդյոք կնոջ համար իրատեսակա՞ն է համատեղելը ընտանիքն ու քաղաքական ակտիվ գործունեությունը, առհասարակ՝ կարիերան: ԱԺ փոխնախագահը սեփական օրինակով փաստել է, որ կինը կարող է կայացած լինել թե ընտանիքում, թե իր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, եթե դրսեւորում է կամք եւ շրջապատված է քաղաքակիրթ մարդկանցով, որոնք չեն առաջնորդվում «կամ...կամ»-ի բանաձեւով:
Անդրադառնալով միջազգայնագետի մասնագիտությանը՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ հատկապես նորանկախ պետության համար չափազանց կարեւոր է լավ դիվանագետներ ունենալը. մեծ են սպասելիքներն արդիական հայացքներ ունեցող նոր սերնդից: Երիտասարդներին Հերմինե Նաղդալյանը խորհուրդ է տվել ճիշտ կշռել եւ օգտագործել իրենց հնարավորությունները:
Ուսանողների խնդրանքով՝ Ազգային ժողովի փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի:



























