Օրենսդրությունը պետք է գոնե այնպես փոխել, որ «սպիտակ» տաքսու վարորդները «դեղինների» վրա չծիծաղեն: Այդ մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսում հայտնել է ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ Դեղին պետհամարանիշներով տաքսու վարորդները (այսինքն՝ գրանցվածները) թող պետական հարկից ազատվեն գոնե այս տարի, առաջարկել է նա: «Գոնե նրանք այդպիսի մխիթարանք կունենան, ախր չէ որ իզուր վճարել են 17 հազար դրամ իրենց համարների համար: Տաքսու վարորդների մի մասն արդեն ունի դեղին պետհամարանիշներ եւ ցանկանում է աշխատել նախկինի նման: Մեկ էլ հանկարծ կարգը փոխում են, եւ նրանք էլ անհարմար դրության մեջ են հայտնվում՝ չէ որ փողերն արդեն վճարել են», – ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ըստ կառավարության նոր որոշման՝ դեղին պետհամարանիշները պետք է փոխարինվեն դիմապակու վրա կպչուն պիտակներով: Փոփոխությունները նախատեսված են «Տաքսիների լիցենզավորման կարգի մասին» օրենքով, որը մշակել է օրենսդրության կարգավորման Ազգային կենտրոնը:



























