Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի է ունենում դրամի արագ տեմպով արժեզրկում: Մեկ շաբաթում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 4 կետով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի արտարժութային ներարկումները արդյունք չեն տալիս: Ամենայն հավանականությամբ՝ դրամը կիպրոսյան իրադարձությունների առաջին զոհն է: Չի բացառվում, որ հայկական բանկերն ու ընկերությունները Կիպրոսում սառեցված ակտիվներ ունեն, ինչի պատճառով մեր ֆինանսական շուկայում դոլարի պակաս է զգացվում:

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 20-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418,50 դրամ: 2012 թ. հուլիսի 4-ից հետո սա դոլարի ամենաբարձր փոխարժեքն է:

Բորսայում այսօր վաճառվել է 900 հազար դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 417 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 420 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1,29 դոլարին մոտ: Կիպրոսի խորհրդարանում ավանդների հարկման օրինագծի մերժումը թուլացնում է վստահությունը եվրոյի նկատմամբ; Ռուսաստանի կենտրոնական բանկը եւս զգալի բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,9446 ռուբլի: