Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին աչքի է ընկել` խոստովանելով, որ ադրբեջանական ազգային արժեքները զգալիորեն տարբերվում են համամարդկային արժեքներից:
Մասնակցելով Նովրուզ-Բայրամի տոնակատարությանը, Ալիեւ-կրտսերը ծրագրային ելույթ է ունեցել, որում մեկ անգամ եւս ընդգծել է իր կառավարության հավատարմությունը ոչ թե եվրոպական, այլ ազգային արժեքներին, հաղորդում է haqqin.az-ը: «Բնականաբար, մենք կիսում ենք համամարդկային արժեքները, մեծ հարգանքով վերաբերում եվրոպական արժեքներին, սակայն մեզ համար ադրբեջանական արժեքներն ամեն ինչից վեր են: Ժամանակակից Ադրբեջանը հիմնված է այդ ամուր հիմքի վրա»,- ասել է Ալիեւը:
Թե ինչում է իրենց «ազգային արժեքների» էությունը, Ալիեւը չի հստակեցրել: Սակայն եթե եզրակացություններ անենք հարեւան պետության իշխանության գործողություններից, կարելի է պնդել, որ «արժեքների» թվում է քնած մարդուն սպանելը, հայերին եւ հայկական ամեն ինչ ոչնչացնելը (հիշենք Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստը):
Չի բացառվում, որ իր հայտարարությամբ Ալիեւ-կրտսերը ակնարկել է Եվրոպային, թե մենք ձեզ հաշվի չենք առնում:




























