Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Հայաստանն է նախաձեռնել, նա էլ պետք է շարունակի այս գործընթացը։ Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյան։

«Եթե մենք ենք սկսել, ապա պարտավոր ենք մինչեւ վերջ ցույց տալ որ Հայաստանն իրոք իր սահմանադրությունից եւ շահերից ելնելով՝ պատրաստ է այս նախաձեռնությունը մինչեւ վերջ տանել»,-նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե մենք ավելի շուտ վավերացնենք արձանագրությունները, քան Թուրքիան, ապա «Հայաստանը միջազգային հանրությանը կարող է ցույց տալ, որ իր խոսքի տերն է եւ պետությունն իր ձգտումների մեջ անկեղծ է»։

Ռաֆիկ Պետրոսյանի համոզմամբ, արձանագրություններն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման դրվելուց հետո միանշանակորեն կվավերացվեն առանց վերապահումների։ Սակայն Հանրապետական կուսակցության ներկայացուցչի կանխատեսմամբ, արձանագրություններն այս՝ փետրվարի 22-25-ը կայանալիք ԱԺ քառօրյա նիստում չեն քննարկվի։ Դրանք քննարկվելու են 3 շաբաթ հետո կայանալիք քառօրյա նիստերում։